կարևոր
1663 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 22:44

Միջազգային անցուդարձ․ Իտալիայում ցույցեր են՝ «քովիդ անձնագրի դեմ»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

1. Հռոմում, Միլանում, Թուրինում եւ Իտալիայի մի շարք այլ քաղաքներում ոչ մասշատաբային ցույցեր են: Հոկտեմբերի 15-ից այդ երկրում գրանցված աշխատողները պետք է ունենան, այսպես կոչված, կանաչ անձնագիր, որը կհաստատի, որ տվյալ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կամ վերջերս է առողջացել, կամ էլ ունի ՊՇՌ թեստի բացասական պատասխան: Հակառակ դեպքում՝ կարող է ժամանակավորապես հեռացվել աշխատանքից, ավելին՝ մինչեւ 1500 եվրո տուգանք վճարել: Իտալիայում շուրջ 3 միլիոն աշխատող անձ դեռ չի պատվաստվել: Ընդհանուր առմամբ, 12 տարեկանից բարձր իտալացիների ավելի քան 85 տոկոսը պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ արդեն ստացել է: Սոցհարցումների համաձայն՝ իտալացիների մեծ մասը կողմ է քովիդ անձնագրերին, իսկ ընդդիմացողները սպառնում են փակել երկրի գլխավոր ճանապարհները:

2. Լիբանանում համազգային սուգ է: Մեկ օր առաջ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 7 մարդ էր զոհվել, տուժել՝ ավելի քան 60-ը: Անհայտ դիպուկահարները տանիքից կրակոցներ էին արձակել «Հըզբոլահ» շարժման կազմակերպած ցույցի ժամանակ: Նրանք պահանջում էին պաշտոնանկ անել Բեյրութի նավահանգստի անցած տարվա պայթյունի պատճառները քննող գլխավոր դատավորին:

3. Աֆղանստանի Կանդահար քաղաքում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկչական հարձակման է ենթարկվել շիաների մզկիթը: Ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան:

4. Միխեիլ Սաակաշվիլին բանտից նորից նամակ է գրել՝ կոչ անելով աջակիցներին ամեն օր փողոց դուրս գալ: Վրաստանի նախկին նախագահի կարծիքով՝ իր ազատ արձակմանը կարելի է հասնել միայն այդպես: Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատելու պահանջով փողոց էր դուրս եկել, տարբեր հաշվարկներով, 15-ից 50 հազար մարդ:

Աշխարհում տեղի ունեցողին հետևել է՝ Մարին Մելիքսեթյանը։