Պատերազմի 19-րդ օրը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակում Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկի հրիթիռակոծության հետեւանքներից: Արծրուն Հովհաննիսյանն էլ հերթական ասուլիով է հանդես գալիս եւ թշնամու զգալի կորուստների ֆոնին ասում, որ ոչ բոլոր բնագծերում են հակառակորդին կարողացել հետ շպրտել: Սա իրականում քողարկված խոստովանություն էր:
Ոգեւորող հայտարարություններ մեկը մյուսի հետեւից: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, իսկ հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով: Բայց որքանո՞վ էր կարևոր հայրենիքը իշխանության համար, պարզ դարձավ նոյեմբերի 9-ին: Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը հանդես եկավ ասուլիսով: Նա նշեց, որ հայկական կողմը խոցել է ադրբեջանական եւս մեկ ՍՈՒ-25 ինքնաթիռ: Մովսեսյանը շեշտել էր, որ պատերազմի հենց սկզբից Հայաստանի եւ Արցախի տարածքների ռմբակոծման ու հրթիռակոծման գործողություններին ակտիվորեն մասնակցել են Թուրքիայի F-16 ինքնաթիռները:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հրամանագիր էր ստորագրել ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ մտցնելու եւ Արցախի տարածքից քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Տարածքից ելքը սահմանափակվել էր զորահավաքային զորակոչի ենթակա Արցախի քաղաքացիների համար եւ թույլատրվում էր միայն հատուկ դեպքերում՝ պարետից տրված անցաթղթի առկայությամբ:
Երեւանում դեսպանատների դիմաց պարբերաբար ցույցեր էին անցկացվում: Քաղաքացիներն այդ կերպ փորձում էին միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը: Այս անգամ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դեսպանատաների դիմաց քաղաքացիներն անցկացրել էին «լուռ» ցույցեր՝ ի նշան միջազգային երկրների լռության:
Մանրամասնում է՝ Զառա Սահակյանը։