Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կադրեր, թե ինչպես է թշնամին կրակում Մարտունու Նոր շեն գյուղի հարեւանությամբ տեղակայված հայկական դիրքի վրա: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները:
Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռեւս հոկտեմբերի 13-ից: Իսկ հոկտեմբերի 14-ի երեկոյան արդեն ադրբեջանական զինուժը հարձակման էր անցել Մարտունու Նոր շեն համայնքի ուղղությամբ ու խոշոր տրամաչափի զենքերից կրակել հայ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը 6 վիրավոր ունի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Արդեն պաշտոնապես հասատատվել է որ հարձակման ժամանակ Ադրբեջանը պատերազմից հետո առաջին անգամ Արցախի տարածքում օգտագործել է հարվածային անօդաչու թռչող սարք:
Թշնամու սադրանքները Արցախի վրա միայն հոկտեմբերի 14-ով չեն ավարտվում: Ադրբեջանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ին, կրակել է Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան․ դեպքի մասին հայտնել են Արցախում ռուսական զորակազմի հրամանատարությանը:
Մանրամասնում է՝ Ալիսա Մելքոնյանը։