կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 19:08

Ալիեւը Հայաստանին ու Իրանին մեղադրել է Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին Արցախի հարցը չքննարկվել չէր կարող: Ի վերջո, կազմակերպության անդամ երկրներից երկուսը նախորդ տարի այս օրերին պատերազմի մեջ էին: Ռուսաստանի նախագահը հպանցիկ է անդրադարձել Արցախյան հիմնախնդրին: Զուտ արձանագրել է՝ ռուս խաղաղապահները Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն են:

Իլհամ Ալիեւը նորից պնդել է՝ Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, արցախյան հակամարտությունն այլեւս անցյալում է, հետպատերազմյան իրավիճակն էլ նրա բնորոշմամբ՝ ընդհանուր առմամբ հանգիստ է:

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահը նաեւ ի ցույց է դրել Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա լարվածությունը, երբ ելույթի տարբեր հատվածներում Հայաստանից բացի մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Իրանի հասցեին: Պաշտոնական Թեհրանն, ի դեպ, դեռեւս չի արձագանքել Ալիեւի այս մեղադրանքներին:

Խաղաղության իր տեսլականն է առաջ տարել Նիկոլ Փաշինյանը ու թվարկել, թե ինչերի է պատրաստ Հայաստանը: Օրինակ՝ պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին եւ դրա դիմաց սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին: Նաեւ պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել, եւ այս հարցում, Փաշինյանի խոսքով, ակնկալում է Ռուսաստանի ու մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Իսկ, ահա, տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանը, Փաշինյանի խոսքով, հույս ունի մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: 

Չնայած բոլոր քաղաքական ջանքերին, չնայած եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվելԱրցախում ու հայ-ադրբեջանական սահմանին: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին Փաշինյանն առաջարկել է ուժեղացնել եռակողմ մեխանիզմները սահմանային միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։