Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին տեղեկացնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին, տեղի էր ունեցել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը, որում քննարկվել էր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը
Դատարանի որոշմամբ՝ գրավի չափ էր սահմանել 30 միլիոն ՀՀ դրամը։
Օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ էր կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Հիշեցնենք, որ օգոստոստի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։