կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-15 17:16

Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր. Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր. Էրիկ Ալեքսանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է ծանր: Լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Ա. Չարչյանի մոտ առկա հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետի ծանր ձևն է՝ ինսուլինակախյալ, ստանում է 100-ից ավելի միավոր ինսուլին, ինչը խնդրահարույց հանգամանք է առողջական վիճակի առումով:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությանը, պաշտպանն ասաց, որ դատաբժշկական եզրակացությանը մինչ օրս չունեն:

«Սպասում ենք, թե երբ կլինի, որպեսզի հաջորդ դատական նիստում դատաբժշկական եզրակացության պայմաններով վերջնականապես քննարկվի Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանի որ գրավի վերաբերյալ իմ միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով այդ եզրակացությամբ»,- ասաց Է. Ալեքսանյանը:

Նա հայտնեց, որ Արմեն Չարչյանն այլևս քաղաքացիական հիվանդանոցում չէ, այժմ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: 

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել էր օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։