Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով հետին պլան է մղում այն դեպքերը, որ տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ: Այս մասին ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ թեև բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է, և այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների ենթարկվեցին:
«Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն գործողություն է խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ: Այն ամբողջ իրավիճակը, որը տեղի է ունենում մամուլի շուրջ, միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին, իրականում բացառապես քաղաքական խնդիր է և արտահայտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը: Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական՝ լոզունգների մակարդակում, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,-ասաց նա:
Սեյրանյանի խոսքով՝ անցած 3.5 տարիներին, բայց հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո, խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված և հետևողական բնույթ:
«Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես նաև քարոզչական մակարդակներում: Մի կողմից փորձ է արվում լռեցնել և վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից և աղբյուրներից»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը և հավելեց, որ քարոզչական դաշտում իշխանությունը մամուլը հռչակել է որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, շենացնել երկիրը: