կարևոր
1939 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 14:17

Այդ մարդու վզից կախվելու է ժանգոտ կողպեք, իսկ ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը. Աղվան Վարդանյան

Այդ մարդու վզից կախվելու է ժանգոտ կողպեք, իսկ ճակատին դաջվելու է նաև մամուլի թշնամի դրոշմը. Աղվան Վարդանյան

Հանրահայտ իրողություն է, երբ վախկոտ, թույլ մարդն իշխանություն է ստանում, տիրապետում ուժային լծակների, նա դառնում է հասարակության համար վտանգավոր։ Այս մասին այսօր «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Նման դեպքերում հասարակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի, հիմնականում իրվական համակարգն է»,-ասաց նա։

Աղվան Վարդանյանը նկատեց, որ այս իշխանության կողմից իրականացվում է մամուլի դեմ արշավ։ Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր նախաձեռնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և շրջանառության մեջ դրել վիրավորանքի քրեականացման օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ՝ հիմնավորելով, որ այս օրենքը և՛ հակասահմանադրական է, և՛ հակասում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիային։

Աղվան Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, խոսքի ազատության պաշտպաններ, որոնք տարիներ շարունակ այդ առաքելությամբ են իբր հանդես եկել և ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, աջակցություն, այսօր լուռ են։

Նա նաև նկատեց, որ միջազգային կառույցների, Հայաստանում գրանցված կազմակերպությունների արձագանքն այս խնդրին «աներևակայելի անամոթ» է և դա արձանագրվելու է։

«Այս իշխանությունը մեկ անձի իշխանություն է և ցանկացած քայլ կատարվում է մեկ անձի հրահանգով, բայց խորապես համոզված եմ, որ այդ մարդու վզից, զրահաբաճկոնից վերև կախվելու է ժանգոտ կողպեք, նման մի մրցանակ կար ժամանակին, իսկ ճակատին դաջվելու է նաև «մամուլի թշնամի» դրոշմը»,-ասաց նա։