կարևոր
484 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-15 13:04

Էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին, ու մինչ օրս չկա այն. Արամ Վարդևանյան

Էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին, ու մինչ օրս չկա այն. Արամ Վարդևանյան

Խոսում ենք դատավորների անկախության երաշխիքների մասին՝ սոցիալական, ֆինանսական, օրենսդրական։ Բայց պատկերացնենք, որ այդ ամենը կա ու թղթի վրա գրված է, բայց լինում է դեպք, որ վարչապետի ցուցումով դատարանների մուտքերն ու ելքերը փակվում են: Այս մասին ասաց իրավաբան, պատգամավոր Արամ Վարդևանյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Մարզում մի գործով ամբաստանյալը փակել էր դատարանի դուռն ու դատավորին ասել էր՝ չես կարող մտնել ներս ու ինձ դատես, սակայն մի քանի ժամ անց վարչապետի ցուցումով դռները բացվում են ու նույն անձը նույն դատավորի մոտ նիստի է մասնակցել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դատավոր-դատավարության մասնակիցներ հարաբերություններում մենք ինչ խայտառակ տեսարանի ականատես եղանք»,-ասաց նա։

Խոսելով դատավորի ներքին անկախության կարևորության մասին, Վարդևանյանը՝ որպես դրա ապահովման մեխանիզմ, նշեց էլեկտրոնային մակագարման համակարգը, թե դատավորը, որպեսզի անկախ լինի մյուս գործընկեր դատավորներից, պետք է դրա տեխնիկական հնարավորությունն էլ ունենա։

«Էլեկտրոնային մակագարման համակարգը թույլ էր տալիս, որ դատավորն անկախ լինի դատարանի նախագահից, քանի որ նախկինում մակագարողը եղել է դատարանի նախագահ։ Դատական համակարգում տարիներ շարունակ եղել են խնդիրներ, բայց միաժամանակ դրական դինամիկա է եղել, բարեփոխումներ կատարվել են։ Դրանցից մեկն էլ էլեկտրոնային մակագարման համակարգն էր, որի ներդրումը վերացրեց դատավորի՝ դատարանի նախագահից ունեցած կաշկանդվածությունը։ Բայց ի՞նչ եղավ վերջին չորս ամսվա ընթացքում»,-ասաց Վարդևանյանը և հավելեց, որ էլեկտրոնային մակագարման համակարգը բառացիորեն առգրավվեցին, ու մինչ օրս չկա այն:

Վարդևանյանը նշեց, որ մինչ այս պահը իրենք քննարկում են դատական համակարգի խնդիրները, դատարանների նախագահներն են որոշում, թե ում մակագրեն գործերը՝ իրե՞նց, թե՞ մեկ այլ դատավորի։

«Նրանք կարող են մակագրելիս ոնց ուզեն, այնպես էլ անեն։ Բայց սա խաթարում է դատավորի անկախությունը, քանի որ միայն մակագրման փաստը ենթադրում է դատավոր-դատարանի նախագահ շփում, որը պետք է չլինի։ Մեզ մոտ մշակույթն այնպիսին չէ, որ եթե դատարանի նախագահը շփվի դատավորի հետ, որևէ խնդիր չկա։ Ցավոք, մենք չունենք այս հասունությունը։ Եվ այս իշխանությունը, քաջ գիտակցելով այս ամենը, զերծ  մնացին ձևականություններից, ուղղակի վերցրեցին մակագրման համակարգը, որ այն չլինի։ Սա լրջագույն խնդիր է»,-ընդգծեց Վարդևանյանը՝ նշելով, որ այս ամենը շատ վատ է ազդելու միջազգային կառույցներում Հայաստանի վարկանիշի վրա, հետևանքները դեռ հետո են տեսնելու տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ Այլընտրանքային նախագծեր խումբը կազմակերպել էր պանելային քննարկում «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով։