Անկախ դատարանն առաջին հերթին անհրաժեշտ է մարդուն, ոչ թե՝ դատավորին։ Այս մասին «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկմանն ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նրա խոսքով՝ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլև՝ միջազգային, այն դուրս է եկել երկրի սահմաններից, որովհետև այն մարդու իրավունքների պաշտպանության նախապայմաններից մեկն է։
Դատական անկախության բնորոշ հատկանիշն անկախությունն է՝ իշխանության մյուս թևերից՝ օրենսդիր և գործադիր իշխանություններից, բայց դա նշանակում է նաև անկախություն՝ հենց դատական իշխանության ներսում։
Գյուլումյանն արձանագրեց, որ անկախության ապահովման համար նշանակություն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոնները։ Մասնավորապես, այն կարող է ընկալվել ոչ միայն որպես իրավունք կամ սկզբունք, այլ՝ հոգեվիճակ, ուստի՝ Գյուլումյանը կարևորեց առաջին հերթին ունենալ դատավոր, որն ունակ է անկախ լինելու։
Գյուլումյանը մատնանշեց նաև վաղվա օրվա նկատմամբ անվստահության հանգամանքը, երբ դատավորը մտածում է, որ իրեն կարող են ազատել պաշտոնից կամ իր նկատմամբ հետապնդում կսկսեն։