կարևոր
712 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-15 00:58

Արցախի պետնախարարը մանրամասնում է՝ Արցախի սահմանագոտում իրավիճակը կայունացել է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի պետնախարարը մանրամասնում է՝ Արցախի սահմանագոտում իրավիճակը կայունացել է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում այսօր երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից   հրադադարի խախտման արդյունքում  հայկական կողմը զոհեր չունի: 

Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

«Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից. բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա: Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:

Առողջապահության նախարարի հետ միասին ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, հետևել բուժսպասարկման աշխատանքներին. այժմ էլ գտնվում եմ այնտեղ: Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով:

ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ»,-գրել է Բեգլարյանը: