Պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերած բժշկական արժեքավոր տեխնիկան՝ այսպես է պնդում ամերիկահայ բարերար Մայքլ Սարյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկու տարվա ընթացքում Հայաստան է ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ՝ ե՛վ Առողջապահության, ե՛վ Պաշտպանության նախարարություններին:
«Հիմա տեղեկանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան: Հիպերբարիկ պալատները նախատեսված էին այրվածք ստացած զինվորների համար: Երկրից դուրս դա վաճառվել է, 700 հազար դոլարով վաճառել են ու փողը գրպանել»:
Նկատենք, որ բարերարը գրառման մեջ չի նշել նախարարի անուն-ազգանունը, բայց ընդգծել, որ 2018 թվականին որպես նվիրատվություն բժշկական սարքավորումների մեծ խմբաքանակ է փոխանցել:
Առողջապահության նախարարությունը այսօր մեկնաբանություն է տարածել այս աղմկահարույց հրապարակման վերաբերյալ եւ նշել, որ Մայք Սարյանի ջանքերով Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր եւ սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով:
Հիշեցնենք նաեւ, որ մինչ այժմ Պաշտպանության նախարարությունը որեւէ պարզաբանում չի ներկայացրել դեպքերի առթիվ:
Իսկ այս 3 տարվա իշխանությունները, ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների, գոհունակություն էին հայտնում Հայաստանի առողջապահական ոլորտում սփյուռքահայ գործարարների, բարերարների ներդրումների կամ նվիրատվությունների վերաբերյալ:
Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում;