կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-14 22:23

Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյույորքյան բանակցություններից մոտ 3 շաբաթ անց՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նորից են հանդիպում, այս անգամ Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ ու մասնակցությամբ: Սերգեյ Լավրովը նախ առաձին հանդիպումներ էր անցկացրել Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ:

Արդեն եռակողմ հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը: Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է, որ հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ կյանքի է կոչվում: Իսկ Արարատ Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն դրույթների վրա, որոնք դեռեւս իրականացված չեն: Այս համատեքստում Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Ռուսական կողմի փոխանցմամբ, Լավրովը ողջունել է Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարությունների տրամադրվածությունը՝ երկկողմ հարաբերութան կարգավորման վերաբերյալ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների հաղորդագրություններում նշվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործոնը:

Բելառուսի մայրաքաղաքում նախարարների բուն նպատակը մասնակցությունն էր ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Իր ելույթում Արարատ Միրզոյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ու այս համատեքստում ընդգծել մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ ու ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարեւորությունը, այն, ինչ ահընդհատ, բացահայտ խախտում է Ադրբեջանը:

Կարեւորելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը եւ ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Արցախի Հանրապետության հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանը:

Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, նորից նույն երգն է երգել, ասել, թե իբր հակամարտությունն անցյալում է, կոչ է արել սկսել սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, խոսել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարներից, նշել, թե Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղապահ ուժերին, այդ թվում՝ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնին: Ջեյհուն Բայրամովը նաեւ կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքների հիման վրա: Սրանք, փաստացի, Հայաստանի ու Արցախի շահերին հակասող Բաքվի նախապայմաններն են:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։