կարևոր
1495 դիտում, 1 օր առաջ - 2021-10-14 19:42

Որոշեցինք փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները․ Գագիկ Առուշանյան

Որոշեցինք փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները․ Գագիկ Առուշանյան

Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել էին տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:

«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

«Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»,- ընդգծել է Առուշ Առուշանյանի հայրը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում կասկածի տակ էր դրել Առուշանյանի մարտական գործողությունների մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:

Գագիկ Առուշանյանը լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետերը առաջնագծից հետ են կանչվել՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են նրա հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը: