կարևոր
481 դիտում, 6 օր առաջ - 2021-10-14 18:13

Օկուպացված են 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար. Արցախի ԿԳՄՍ նախարար

Օկուպացված են 2000 հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար. Արցախի ԿԳՄՍ նախարար

Հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Արցախի Հանրապետության` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման հարցը:

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Լուսինե Ղարախանյանն աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը «բլից-կրիգ»  էր, և Հադրութից մշակութային ժառանգության տարհանման մասին որևէ խոսք չէր կարող լինել։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի հուշարձանների և թանգարանային նմուշների ժամանակին դուրսբերման խոչընդոտների պատճառները, այդ ուղղությամբ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կողմից իրականացվող աշխատանքները:

«Ես առհասարակ չեմ ուզի, որ այստեղ որևէ մեկը փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը։ Այո, եղել է թերացում, խուճապ, եղել է ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված է եղել Շուշիի արժեքների չտարհանելը։ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ տնօրենը խնամքով փաթեթավորել էր և ռմբապաստարաններով տեղավորել էր ցուցանմուշները։ Սակայն հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ ռեալ իրական վտանգ կա, արդեն խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը, այսինքն՝ մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր»,- հավելեց Արցախի ԿԳՄՍ նախարարը։

Լուսինե Ղարախանյանը նշել է, որ պատերազմից հետո երկու կարևոր ինստիտուտ կա, որոնց հետ իրենք սկսել են աշխատել։ Դրանք են՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և Արտգործնախարարությունը։

«Մենք համապատասխան նամակներ ենք հղել միջազգային կարևորագույն կառույցներին։ Այսօր կա մոտավորապես 2 հազար օկուպացված հուշարձան. 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար։ Ունենք 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք»,- ընդգծեց նա։  Արցախի ԿԳՄՍ նախարարն իր ելույթում հպանցիկ անդրադարձավ նաև վերջերս ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին: Նա որպես հաջողություն նշեց Դադիվանքի և Նախիջևանի խաչքարերի մասին հիշատակումը, և որպես վրիպում որակեց բանաձևում նշված «Ղըզնչի» և «Շուշա» բառերը»,-հայտնել է նախարարը։

Քննարկման ընթացքում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը բարձրացրեց մեկ այլ կարևոր հարց՝ Շուշիի գորգերի թանգարանին կարգավիճակ տրվի, ինչ-որ բյուջե տրվի, գործի որպես առանձին միավոր։  «Կարևորն այն է, որ սա լինի Արցախի ժողովրդինը, Արցախի սեփականությունը։ Սա միակ փրկված թանգարանն է։ Սա պետք է լինի առանձին թանգարան, մնա որպես Շուշիի գորգերի թանգարան, անունն էլ պահի»,- ասել է նա։