Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին գործատուն իրավունք կունենա չթույլատրել ներկայանալ աշխատանքի նաեւ չվճարել աշխատավարձ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել օրենքի նոր նախագիծ:
Ըստ նախագծի՝ համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում՝ գործատուն անգամ իրավունք կունենա աշխատանքից ազատել աշխատողներին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել:
Թեեւ հանրային առողջությանը Գագիկ Մակարյանը կողմ է, բայց դեմ է, որ դրան լուծում տվողը դառնա գործատուն: Այս նախագիծը նրա կարծիքով՝ կգեներացնի ստվերային զբաղվածությունը, գործազրկությունը, արտադրողականության անկումը, ինչպես նաեւ բազմաթիվ խնդիրներ կստեղծի գործատուի եւ աշխատողի միջեւ:
Անտրամաբանական մոտեցում է: Այս կարծիքին է «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Թադեւոս Ավետիսյանը նշում է՝ եթե աշխատողը նույնիսկ պատվաստվում է, դա չի նշանակում, որ ինքը վարակակիր չէ. կարող է նախանշաններ չունենալ ու, չիմանալով այդ մասին, վարակել շրջապատին:
Բանախոսների խոսքով՝ կառավարությունը սխալ ճանապարհով է գնում, փոխարենն առաջացնի վստահություն պատվաստանյութերի նկատմամբ, ուղղակի, այսպես ասած, վախեցնող քայլեր է ներդնում:
Նշված կարգավորումները չեն տարածվում, օրինակ, նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի եւ մի շարք այլ պաշտոնների վրա:
Պետությունը կարող է ժամանակավոր լուծումներ տալ: Օրինակ, ըստ Մակարյանի, կարող է նվազագույն աշխատավարձից չգանձել հարկեր կամ եթե գործատուն պատրաստ լինի վճարել թեստերի համար, ապա այդ դեպքում էլ՝ հարկերից ազատի գործատուին:
Քաղաքացիների կարծիքներն էլ, չնայած շատ տարբեր են, բայց մեկ բանում բոլորն են համակարծիք. պատվաստումը չպետք է լինի պարտադրված:
Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնայնը: