կարևոր
565 դիտում, 5 օր առաջ - 2021-10-14 16:58

Հաագայի դատարանում ՀՀ ներկայայցուցիչը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ

Հաագայի դատարանում ՀՀ ներկայայցուցիչը կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ

Այսօր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պետք է միջանկյալ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ ՝ Հայաստանի կողմից ներկայացված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցի քննարկման ընթացքում: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ դաժանությունները, ինչպես նաև՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ»- հայտարարել է Կիրակոսյանը։

ՀՀ ներկայացուցչի հավաստմամբ՝ այս հայցով Հայաստանը ձգտում է կանխել ու հատուցում ստանալ հայերի նկատմամբ կատարված պարբերական բռնությունների ու ատելության դրսևորումների դիմաց։

«Հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ Հայաստանը շտապ փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները նրանց սպառնացող անփոխհատուցելի վնասից», - նշել է Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ դիմումը և հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը հիմնված են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա։

Նրա արձանագրմամբ՝ Հայաստանը գանգատ է ներկայացրել, քանի որ անգամ հիմա, երբ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, բայցև Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը. «Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել, կամայական ձերբակալել է բազմաթիվ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների և այժմ էլ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը կամ ժխտում դրանց հայկական լինելը»: 

ՀՀ ներկայացուցիչը Հաագայի դատարանում հայտարարել է, որ հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանի ղեկավարությունը քարոզում է ամենօրյա մակարդակով, և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել հայերի և հայկական ամենի նկատմամբ ատելությամբ և վախով։ Այդ քարոզչության համաձայն՝ ցանկացած հայկական հետք, որը գտնվում է Բաքվի տիրապետության տակ անցած տարածքներում, կամ ոչնչացվում է կամ կեղծվում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկաայցրել Ադրբեջանի դեմ `«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» համաձայն: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է, կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում, երբ ադրբեջանական կողմը դարձյալ կոնվենցիայի կոշտ խախտումներ է իրականացրել։ «Եվ անգամ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է սպանությունները, խոշտանգումները և այլ հանցագործությունները հայ ռազմագերիների, պատանդների և այլ գերիների նկատմամբ», - ասված է հայցում:

Այսօրվա լսումների արդյունքում Դատարանի արձագանքը լինելու է որոշման տեսքով: Ակնկալվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշումը կկայացնի 1-1.5 ամսվա ընթացքում: