Բեյրութում հրաձգային զենքից կրակել են ցուցարարների վրա, երբ նրանք շարժվում էին արդարադատության պալատի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Առայժմ հայտնի չէ, թե ով է սկսել լարումը ու կրակել ցուցարարների ուղղությամբ, սակայն հայտնի էր, որ շիաների կուսակցության անդամները և համակիրները պետք է հավաքվեին Արդարադատության պալատի մոտ։ Կուսակցությունների կողմնակիցները ցույց են իրականացրել՝ պահանջելով հեռացնել 2020 թվականին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործի քննությամբ զբաղվող գլխավոր դատավորին՝ Տարեք Բիթարին։
Փոխհրաձգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է վեցի: Տուժել է ավելի քան 60 մարդ:
Մայրաքաղաքում փոխհրաձգությունները շարունակվում են, տեղ-տեղ բռնկում են հրդեհներ: Որոշ ժամանակ առաջ բանակն սկսել է զրահատեխնիկա տեղափոխել Լիբանանի մայաքաղաքի փողոցներ՝ մարդկանց հորդորելով հեռանալ Բեյրութի արեւմուտքի Էթ Թայունի եւ Բադարոյի շրջաններից, որտեղ անհայտ դիպուկահարները կրակ են բացել բողոքավորների եւ զնվորական պարեկների վրա, որոնք ապահովում էին անվտանգությունն Արդարադատության պալատի մոտ: Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ «զինվորականները կրակ կբացեն ցանկացած անցորդի վրա, ով փողոց դուրս կգա զենքով:
Ուղերձով ժողովրդին է դիմել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, որը քաղաքացիներին կոչ է արել «պահպանելու հանդարտություն եւ թույլ չտալու երկրի սահք դեպի երկպառակություն»: Կառավարության ղեկավարը դիմել է Լիբանանի բանակին եւ ուժային կառույցներին՝ Էթ Թայունի եւ Բադարոյի շրջաններում անվտագությունն ապահովելու եւ անկարգություններ հրահրողներին բռնելու պահանջով: