կարևոր
295 դիտում, 1 օր առաջ - 2021-10-14 15:21

Առողջապահության նախարարությունն արձագանքել է ամերիկահայ բարերարի աղմկահարույց գրառմանը

Առողջապահության նախարարությունն արձագանքել է ամերիկահայ բարերարի աղմկահարույց գրառմանը

Ամերիկահայ բարերար Մայքլ Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել է 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։ Առողջապահության նախարարությունը Yerkirmedia.am-ին պարզաբանում է ներկայացրել՝ անդրադառնալով  «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայքլ Սարյանի օրերս արված հայտարարությանը, թե երկու տարվա ընթացքում ինքը Հայաստան է ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ, եւ հիմա լսում է, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս առողջապահության նախարարության նվիրաբերվել են բժշկական սարքեր և սարքավորումներ։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման արդյունքում:

Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնցից 3-ը բաշխվել են 2018-2021 թվականների ընթացքում՝ առավելապես 2018-2019 թվականներին: Բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ:

Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում, սակայն հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման՝ ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում է սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը»: