19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճենպազրույցի ժամանակ անդրադարձել է օրերս կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ ԱԳ ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպման մասին մեկնաբանություն կարող է տալ նախագահի աշխատակազմը, սակայն անդրադարձել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը։
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների դրույթների անվերապահ պահպանման օգտին։
«Մենք հույս ունենք, որ դրանով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում նաև երկկողմ բարդ հարցերի մասով»,-ասել է Զախարովան:
Նա նաև անդրադարձել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,- ասել է Զախարովան: