կարևոր
505 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-14 12:55

Գործադիրը 377,5 մլն դրամի արտոնություն տվեց Հանրային հեռուստաընկերությանը

Գործադիրը 377,5 մլն դրամի արտոնություն տվեց Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում որոշում է կայացրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերազինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:

Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմիջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարությունների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով: