կարևոր
475 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-13 17:13

Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,-նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։ 

Աշխատանքային գործունեություն

Արսեն Ավագյանը ԱԳՆ համակարգում աշխատում է 1994թ-ից:

Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, Իրանում ՀՀ դեսպանության խորհրդականի եւ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները:

Ավագյանը 1998-2001 թթ. աշխատել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում, 2005-2007 թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ և դիվանագիտության ամբիոնում, իսկ 2010 թ-ից ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ և դիվանգիտության ամբիոնում:

2001-2005թթ. եւ 2015-2019թթ. Ավագյանը եղել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչը:

2019 թ. հունվարից զբաղեցրել է ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։