Հայաստանն ու Հնդկաստանն ընդլայնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների մոտ 30-ամյա պատմության մեջ սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է մեր երկիր: Ու այս երկօրյա այցի ընթացքում, ինչպես Հայաստանի արտգործնախարարն է հայտնել, մի շարք ոլորտներում շոշափելի եւ արդյունավետ ծրագրերի իրականացման կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ավելի ակնհայտ դարձավ այն սերտ համագործակցությունը, որն ունի Պակիստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հնդկաստանի տարածաշրջանային հետաքրքվածությունը կարելի է պայմանավորել նաեւ այդ հանգամանքով: Բավական է հիշել, որ մինչ օրս Ջամմու եւ Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի ու Պակիստանի միջե:
Բացի այդ, օրերս «Greek City Times» առցանց լրատվամիջոցում վերլուծական հոդված է հրապարակվել, որում հեղինակը պնդում է՝ մեր տարածաշրջանի հետ կապի համար Իրանն ու Հնդկաստանն Ադրբեջանի փոխարեն ընտրում են Հայաստանը: Երեւանյան ասուլիսին պարզ դարձավ, որ Միրզոյանն ու Ջայշանկարը քննարկել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցը:
Հայաստանի արտգործնախարարը հավատում է, որ Հնդկաստանը, որպես աշխարհի խոշոր եւ արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաեւ խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության զարգացման ու խաղաղության հարցում:
Ասուլիսին Միրզոյանը հաստատեց՝ կանխատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան: Բացի այդ, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում;