կարևոր
388 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-13 16:27

44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում. այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան

44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում. այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ. Լարիսա Ալավերդյան

Մենք պետք է հասկանանք, որ սա հասարակ ագրեսիա չէ, այլ՝ ցեղասպանական: Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. հիմնահարցեր և մարտահրավերներ թեմայով հանրային քննարկման ժամանակ շեշտեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

«44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում, քանի որ այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ:

Մենք պետք է կիրառենք ոչ թե պատերազմ, այլ ագրեսիա բառը, քանի որ պատերազմ բառը այդքան հասցեական չէ և ճիշտ չի բնութագրում այն, ինչ արել է Ադրբեջանը: 

Մենք խոսում ենք պետական ռազմավարության մասին, որի վերաբերյալ մի քանի հարցեր կան ու դրանց պետք է պատասխան տրվի: Բոլորս պետք է ճանաչենք, որ այն, ինչ որ տեղի է ունեցել, միջազգային իրավունքի դեմ մի փունջ հանցագործություններ են, որոնք գործել են Թուրքիան և Ադրբեջանը, ընդ որում, Թուրքիան օգտագործել է Ադրբեջանին որպես գործիքակազմ»,-ասաց Ալավերդյանը, և հավելեց, որ Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքները վերացնելու համար պետական ռազմավարությունը մշակելիս պետք է օգտվել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի փաստահավաք խմբի կուտակած նյութերից, որոնք հնարավորություն են մեզ տալիս հետապնդել այդ նպատակը:

«Երկրորդ տիպի հանցագործությունները ուղղված են մարդասիրության դեմ և այս պարագայում մեզ օգնել են ադրբեջանցիները. նրանք տարածել են այն նյութերը, որոնք խոսում են անմարդկային վերաբերմունքի մասին:

Երրորդը ռազմական բոլոր տիպի հանցագործություններն են, ինչպես օրինակ խաղաղ բնակչության սպանությունն է: Եվ, վերջապես, չմոռանանք, որ զուտ ագրեսիան ընկալվում է խաղաղության դեմ հանցագործություն, որը ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկն է, որովհետև տարածաշրջանը գոյություն չի ունեցել առանց որևէ պայմանավորվածությունների: Մենք ունեինք անժամկետ մի պայմանավորվածություն զինադադարի վերաբերյալ, որը խախտվել է, և ես երբևէ չեմ լսել, որ այս իշխանությունները հայտարարեն, թե այս ամենը բնութագրվում է խաղաղության դեմ հանցագործություն»,-շեշտեց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:

«Այդ հանցագործությունները պետք է դրվեն պայքարի միասնական ռազմավարության հիմքում, այդ դեպքում մենք կհասկանանք, թե ինչ կարգավիճակ պետք է ստանան բռնի տեղահանվածները, իսկ դրա համար պետք է հավաքագրել և մեկտեղել բոլոր հանցագործությունները:

Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին»,-հայտարարեց Ալավերդյանը և առաջարկեց, որ երկրորդ մակարդակում հավաքագրվի նաև իշխանությունների գործած այդպիսի հանցագործ քայլերի մասին փաստերը:

Նա նկատեց, որ կա իրավիճակ, երբ երկրի առաջին դեմքն ասել է, որ ինքը մեղավոր է, բայց դրանից հետո, ոչ թե պետք է հիանանք խոստովանությամբ, այլ պետք է հստակ իրավական գործընթաց սկսվի:

«Եթե մենք այդ փաթեթները չունենանք, ապա 100 տարվա նման անընդհատ խոսելու ենք Ցեղասպանության մասին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, և հավելեց, որ միջազգային հարթակում էլ պետք է փոխվի արցախյան հակամարտության մասին պատկերացումները՝ հանրությանը հասցնելով, որ այն իր ցեղասպանական քաղաքականության համար Թուրքիայի կողմից Ադրբեջանին որպես գործիք օգտագործելն է: