15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Այս պահին ՀՀ-ում է գտնվում Արցախից բռնագաղթած 5294 ընտանիք՝ 20433 քաղաքացի, որից 618-ը անչափահաս են: Այս մասին «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում ԱՀ Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը:
Օպերատիվ շտաբի ձևավորման օրվանից հետո խնդիրները շատ են եղել, որոնց մի մասը ստացել է համապատասխան պետական կանոնակարգված մոտեցումներ և լուծվել ԱՀ-ի, ՀՀ-ի կառավարությունների ընդունած 20-ից ավելի որոշման շրջանակում: Կատարված միջոցառումների արդյունքում կանխվել է սոցիալական աղետ հասկացությունը, բայց և խնդիրներն էլ ավելի շատ են ու խորը»,-նշեց Վիրաբյանը:
Միքայել Վիրաբյանի խոսքով՝ Օպերատիվ շտաբը գտնվում է տարբեր հասցեներում և առաջիկայում տեղակայվելու է մեկ վայրում՝ Աբովյան 9-ը հասցեում միավորելով սոցիալական և իրավական ծառայությունների գրասենյակները:
«Օպերատիվ շտաբը աշխատում է ՀՀ պետական տարբեր կառույցների հետ, որի ժամանակ խնդիրներ են առաջանում: Ես հիմնականում այդ թերացումները վերագրում եմ պետական ցածր օղակներում աշխատակիցների կողմից վերևից ստացած հրահանգները ոչ լրիվությամբ տիրապետելու հետ»,-ասաց Վիրաբյանը:
Օպերատիվ շտաբի ղեկավարի խոսքով՝ խնդիրներ են եղել դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների՝ համապատասխան կրթական հաստատություններում տեղավորման հարցում, որոնք լուծվում են:
«Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից՝ կապված վիրահատությունների հետ, բայց ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարությունների հետ աշխատանքի արդյունքում, Օպերատիվ շտաբի միջնորդությամբ, բավարարվել է մեկ տասնյակից ավելի այն վիրահատությունների դիմումները, որոնք անհետաձգելի են»,-հայտնեց բանախոսը:
Միքայել Վիրաբյանը նշել է, որ վերջին 10 ամսվա ընթացքում իրենց ցանկությամբ Արցախի Հանրապետություն է տեղափոխվել 150 ընտանիք՝ 714 անձ, որոնք ապահովվել են բնակարաններով:
Միքայել Վիրաբյանը տեղահանված արցախցիներին առնչվող երկու ամենակարևոր խնդիրներն է առանձնացրել՝ բնակարանային ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ։
«Արցախի կառավարությունը հուլիսի սկզբին կայացրեց որոշում, որով պարտավորվեց 3 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում տեղահանվածներին կոնկրետ բնակավայրերում ապահովել բնակարաններով։ Մինչև ծրագիրն իրականություն դառնա, հատկապես ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիները պետք է ապահովվեն որոշակի միջինացված գումարով, որպեսզի կարողանան գոյատևել։ Այս պահին ՀՀ կառավարության կողմից, կարծեմ, արդեն ստորագրված որոշում կա՝ 50 և 25 000-ական դրամների մասով։ Բայց դա, որքանով հասկանում եմ, մինչև դեկտեմբեր է, իսկ մենք հակված ենք, որ ծրագիրը թարմացվի և հունվարի 1-ից հետո լինի շարունակական։ Սա մեր ժողովրդի միասնական կարծիքն է։ Այդ խնդիրը պետք է լուծվի, որ մարդիկ կարողանան գոյատևել, մինչև վերադառնան իրենց բնակարանները», - ասաց Միքայել Վիրաբյանը։