Պատերազմի 16-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, առաջնագծում մարտերը շարունակվում էին: Արցախի ՊԲ-ն գրել էր, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բոլորիս ուշադրության կենտրոնում ՌԴ մայրաքաղաք Մոսկվան էր, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Սպասումները, սակայն, այդպես էլ չարդարացան: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթական գրառումն էր կատարել: Ակնհայտ էր ՝ ռազմաճակատում բնագծերի մեզ համար ոչ ցանկալի փոփոխություններ են եղել, բայց հաղթանակում պետք է կասկած չլիներ:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով հասարակությունը պետք է տեղեկացված լիներ ճիշտ լուրերով եւ զերծ մնա ապատեղեկատվությունից:
Իրական լուրերի փոխարեն սկսվեց իշխանության քարոզարշավը: «Իմ քայլ»ը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոց՝ Ջաբրայիլից զինվոր են բերել՝ բեկորային վնասվածքներով, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել էր տեղ, վայր, որտեղ գտնվել է վարչապետի որդին, եւ խոսել փախուստի մասին: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ ԱԱԾ-ն անընդհատ հայտարարում էին արգելքների մասին, թե ինչ կարելի է գրել եւ ինչ ոչ, սակայն իրենց թիմակիցներն անում էին ճիշտ հակառակը: Ստացվում է՝ սահմանափակումներն իշխանության ներկայացուցիչներին չէին վերաբերում եւ իրենց ամեն ինչ թույլատրելի էր, եթե խոսքը գնում էր իշխանական ընտանիքի PR-ին:
Վարչապետի որդուն գովերգող այս հրապարակումը մեկը մյուսի հետեւից սկսեցին տարածել իշխանական թեւի ներկայացուցիչները, մասնավորապես, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Անթույլատրելի է հայ զինվորի արժանապատվությունը նսեմացնելով՝ բարձրացնել սեփական վարկանիշը»: Վարազդատ Կարապետյանի գրառումը մեծ քննադատության արժանացավ հանրության շրջանում: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր հերթին ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրեց այս հանգամանքի վրա։
Մինչ մեծ ոգեւորությամբ ներկայացվում էին Փաշինյանի որդու «սխրանքները», Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 51 զինծառայողի անուն: