կարևոր
1897 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-12 18:23

«Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ թույլ են տվել չարաշահումներ. ԱԱԾ

«Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ թույլ են տվել չարաշահումներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների կողմից չարաշահումներ են թույլտրվել:

«Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում և իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: