կարևոր
454 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-12 14:27

Պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. Գեղամ Մանուկյան

Պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի» նիստերում մի քանի անգամ փորձ են արել գործունեությունը տեղափոխել բովանդակային դաշտ, բայց ամեն անգամ հանդիպել են եւ՛ հանձնաժողովի նախագահի, եւ՛ իշխանական պատգամավորների կողմից բոյկոտին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«44-օրյա պատերազմից հետո իշխանությունը պարբերաբար խոսել է անվտանգային հարցերի մասին, խոսել է ԶՈՒ-երում  բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց 2 ամսից ավելի է ՀՀ կառավարությունից որեւէ նախաձեռնություն ԱԺ չի եկել անվտանգային հարցերի շուրջ։ Այսինքն՝ այն ամենը, ինչը իշխանության ներկայացուցիչները խոսում են ամբիոններից, դա իրականում գործնական դաշտ չի տեղափոխվել։ Արտահերթ նիստ գումարելու այսօրվա նախաձեռնությունն արդեն երկրորդ փորձն է։ Ընդդիմությունն է, որ փորձում է ԱԺ-ն գունավորել գործնական աշխատանքին, որը հանդիպում է հանձնաժողովի նախագահի եւ Կառավարության խոչընդոտին»,- ընդգծեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ պատգամավորները հնարավորություն չունեն բյուջեի նախագծին ամբողջությամբ ծանոթանալու. «Պատգամավորները պարտավոր են եւ իրավունք ունեն գաղտնիության ստորագրություն դնել, որից հետո իրավունք ունեն ծանոթանալ եւ՛ բյուջեի նախագծի գաղտնի բաժնին՝ անվտանգության ծախսերի հետ կապված, եւ՛ բազմաթիվ այլ հարցերի. մինչեւ այժմ մեզանից որեւէ պատգամավոր դեռ օգոստոսից դիմած՝ մինչեւ հիմա այդ իրավունքը չեն ստացել։ Հիմա բյուջեի նախագիծը եկել է ԱԺ, մենք հնարավորություն չունենք՝ ամբողջությամբ ծանոթանանք»։