կարևոր
373 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-12 14:14

Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի ստիպել ընդդիմությանը՝ խաղալ կամ գործել իր թելադրած կանոններով. Ղազինյան

Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի ստիպել ընդդիմությանը՝ խաղալ կամ գործել իր թելադրած կանոններով. Ղազինյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին՝ Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում տիրող տագնապային, կոլապսային իրավիճակը, կարծես թե, առանձնապես, չի էլ մտահոգում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական արտահերթ նիստի օրակարգը, որը մինչեւ այժմ հանձնաժողովը գումարել է՝ եղել է նախագահի տեղակալի ընտրության հարցը, սա թվով 7-րդն էր։ Ընդդիմադիր 2 խմբակցությունն էլ որոշեց չմասնակցել այդ նիստին, որովհետեւ նախորդ 6 նիստում հնչել է բոլոր հարցերը, տրվել են պատասխանները, հնչել են ելույթները եւ որեւէ մոտիվացիա՝ քվեարկելու կողմ կամ դեմ փոխելու հնարավորություն չկա, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետեւաբար մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար։ Հանձնաժողովը մատնված է անգործության, արդեն 7-րդ նիստն է գումարվում, 7-ն էլ մի օրակարգով»,- նշեց նա։

Ըստ Ղազինյանի՝ իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը՝ ներկայացնել իրեն հաճելի թեկնածուի.

«Այդ կարգավիճակը մենք կամովին չենք զիջելու իշխանությանը, որովհետեւ եթե ընդդիմությունը հրաժարվի թեկնածու առաջադրելուց, ապա այն կանոնակարգ օրենքի համաձայն՝ անցնում է իշխանությանը։ Երեւի թե իշխանությունն այդ նպատակն է հետապնդում, շատ լավ հասկանալով, որ ըննդիմությունը չի փոխելու թեկնածուին, որովհետեւ դա կլինի նահանջ, դիրքերի զիջում։ Իշխանությունը բարոյական ոչ մի իրավունք չունի՝ ստիպելու ընդդիմությանը՝ խաղալ կամ գործել իր թելադրած կանոններով, հետեւաբար հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում, իրենք են սաբոտաժի ենթարկում հանձնաժողովի աշխատանքը։ Եթե իրենք կհասկանան իրենց սխալը եւ հրապարակային կամ ոչ հրապարակային ձեւով մեզ կտեղեկացնեն, որ պատրաստ են խելոք քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին, մենք խմբակցությունում կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում»։

Արթուր Ղազինյանը պնդեց, որ հանձնաժողովի այսօրվա նիստն ընթացել է կանոնակարգի խախտումով. «Որովհետեւ հիմնական զեկուցողը չի ներկայացել, հարցը պետք է հետաձգվեր։ Քննարկումներ տեղի չեն ունեցել, ելույթներ չեն եղել, եզրափակիչ ելույթ չի հնչել, հետեւաբար նիստը պետք է հետաձգվեր»։

Նա հայտնեց նաեւ, որ ընդդիմադիր խմբակցությունները դիմում են ներկայացրել հանձնաժողովի ընդհանուր բաժին այն պահանջով, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին հրավիրվի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ կոնկրետ օրակարգով: