կարևոր
340 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 19:47

Պատերազմի 15-րդ օրը ընկավ Հադրութը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 15-րդ օրը ընկավ Հադրութը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արցախը լուսացրեց հրադադարի սպասումով:

Կեսգիշերն անց նման պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում: Սակայն լույսը բացվեց հրթիռահրետանային համազարկերով:

Հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից, մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, տեւեց ընդամենը հինգ րոպե: Թշնամին գրոհ էր ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ՝ միաժամանակ կրակի տակ պահելով Հադրութ քաղաքը: Ավելին, նախօրեին ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել էին Հադրութի երկու բնակչի՝ մորը ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Իսկ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական հեգնական գրառումնեն էր կատարել՝ ծաղրելով Ալիեւի հայտարարությունները:

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու է Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Սակայն ոչ Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեց, ոչ էլ Արցախի ճանաչման առումով քայլեր կատարվեցին:

Շատերի համար հրադադարը պատերազմի ավարտն ազդարարող հայտարարություն էր, սակայն այս եւ հետագայում բոլոր հրադադարներն ունենում էին ձեւական բնույթ: Առաջնագծում, որքան իրավիճակը ծանրանում էր, այնքան պաշտոնական աղբյուրները սպասումի մեջ գտնվող մարդկանց գլխի տակ փափուկ բարձ էին դնում:

Մինչ պաշտոնական աղբյուրները հրապարակում էին օրեր առաջ նկարված կադրեր Հադրութից, նշելով, որ ամեն ինչ կարգին է, Ադրբեջանը տարածում էր տեսանյութեր. Հադրութն արդեն ընկել է: Հայաստանի պաշտոնական աղբյուրները միայն հերքում էին փաստերը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ դիրքերից նոր տեսանյութերով ստի հերթական չափաբաժինն էր հրամցնում մարդկանց:

Մանրամասները՝ տեսանյութում։