կարևոր
1213 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 18:38

Արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածում. Գորիսի փոխքաղաքապետ

Արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածում. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցների շինարարությունն ավարտին է մոտենում։ Ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ Մեծ մասշտաբով, արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում ճանապարհի աջ և ձախ հատվածում։

«Ինձ թվում է, ավարտական փուլում են շինաշխատանքները։ Անցակետից մոտավորապես 150-200 մետր դեպի Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում իմ տարածքն էր՝ մեր տարածքների ազատագրումից հետո է այդ տարածքը ինձ անցել։ Անցակետից սկսած մինչև այդ հատվածը կատարվում է շատ մեծ շինարարություն։ Անմիջապես իմ հատվածում կառուցում են լցակայան՝ ո՞ւմ համար ու ի՞նչ միջոցներով՝ չգիտեմ։ Ո՞ւմ են սպասարկելու՝ ևս չգիտեմ»,- հայտնել է փոխքաղաքապետը։

Ոստիկանական անցակետից սկսած՝ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ակտիվ շինարարությունները զրոյական կետից չեն սկսվել, վերակառուցում են երբեմնի հայկական շինությունները։ Ադրբեջանցիները բացի նախկին բենզալցակայանը վերանորոգելուց նոր շունչ են տվել նաև նախկին գործարաններից մեկին։ Այստեղ, ըստ Քոչարյանի կլինի սահմանային մաքսակետ՝ ճանապարհով երթևեկողներին հարկելու համար։ Այս պահին նոր կառուցվող կետի հատվածում տեղադրված է կայան, որտեղ էլ հարկերը վճարում են իրանցի բեռնատարների վարորդներն ու շարունակում ճանապարհը։

«Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում՝ ոստիկանական կետից 60 մետր այն կողմ, նախկին «Ասֆալտաբետոնի» գործարանի հատվածում մեծ շինարարություն են անում։ Ոնց որ կառուցում են մեծ տերմինալ՝ անցակետային տամոժնյա։ Այնտեղ եղել է ասֆալտբետոնի գործարանի վարչական շենքը։ Դիմացը մեծ հրապարակ է կառուցված՝ աջ ու ձախ ճանապարհները մտնում են, դուրս գալիս։ Հիմա այդ հատվածում կրպակ է դրված՝ պարսիկները մոտենում են, գումարները մուծում ու գնում։ Փաստացի՝ ոստիկանական անցակետն է, դրանից հետո գալիս է տամոժնյան, դրանից հետո՝ բենզալցակայանը»։

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է փոխքաղաքապետին։ Չնայած արդեն մեկնարկել է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերին, Քոչարյանը լուրջ վտանգներ է տեսնում։ Կարծում է ՝ գլխավոր մայրուղին այլևս չի օգտագործվի։ 

«Հավանականությունը հենց նրանում է, որ մեր մայրուղին չենք կարողանալու օգտագործել։ Եթե վաղը մյուս օրը մեզ էլ պետք է արդեն կանգնեցնեն՝ ճանապարհը անցնելու համար վարձ պահանջեն՝ դուք գնալո՞ւ եք այդտեղով։ Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը ընկնում են շրջափակման մեջ։ Նրանց համար էլ նույնպես կառուցում են այլընտրանքային ճանապարհ։ Ձմեռը մեծ պրոբլեմներ կունենան՝ 60-70 կմ պետք է շրջանցեն՝ Գորիս հասնելու համար։ Տաթևի ոլորաններով գալու են, հասնեն Գորիս։ Մտավախությունս այն է, որ երեք գյուղերը կարող են դառնալ ծերանոց՝ ջահելները լքեն, մնան ծերերը»։

Հարցին, արդյոք հնարավո՞ր է նաև Շուռնուխի կամ Կարմրաքարի հատվածում ադրբեջանցիները ևս անցակետեր տեղադրեն, Քոչարյանը նշեց, որ չի բացառվում։

«Պատկերացրեք՝ դուք ուզեք գնաք Արտաշատ, չկարողանաք գնալ միանգամից։ Պետք է գնաք Աշտարակ, որտեղից ինչ- որ ուրիշ ճանապարհներով գնաք Արտաշատ՝ պատկերացրեցի՞ք»,- եզրափակել է փոխքաղաքապետը։