կարևոր
493 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 15:30

Մարդիկ վախի զգացումներ են ունենում իրենց կարծիքը, բողոքն արտահայտելու ժամանակ. Արամ Վարդևանյան

Մարդիկ վախի զգացումներ են ունենում իրենց կարծիքը, բողոքն արտահայտելու ժամանակ. Արամ Վարդևանյան

Մենք հույս ունեինք, որ Հանրապետության նախագահը կարող էր հանդես գալ իր սահմանադրական կարգավիճակից ելնելով։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին։

Պատգամավորը նշեց, որ ՍԴ-ն երեք ամիս առաջ որոշում էր կայացրել և ասել, որ պետք է համայնքներին լսեն, կարծիքներ հարցնեն, անհրաժեշտության դեպքում նաև հարցը հանրաքվեի դնեն, բայց այդ ամենից ոչ մեկը չեն արել։

«Արմեն Սարգսյանն այս հարցից էլ որոշեց ձեռնպահ լինել։ Ի դեպ դրան նախորդեցին իշխանական ներկայացուցիչների հետ հանդիպումները և դրանով ավարտվեց Հանրապետության նախագահի առաքելությունը։ Մենք երբ տեսանք, որ օրենքը ստորագրվել է, դրա հաջորդ օրը ՍԴ դիմում ենք մուտքագրել»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են, թե ՏԻՄ ընտրությունները հանուն համայնքների զարգացման է, Արամ Վարդևանյանը նկատեց, եթե խնդիրն իրականում լիներ համայնքները զարգացնելը, ապա դրանք մանրամասն, հանրային քննարկումների ու մասնագետների ներգրավմամբ կլինեին։ Կներկայացնեին ամեն համայնքի զարգացման ծրագիրը, բայց այդ ամենը չի ներկայացվել։

«Այդ քննարկումները տևել են մի քանի օր, նույնիսկ մի քանի ժամ և այդ պայմաններում որոշվել է, որ 441 համայնքի նկատմամբ միջամտություն է լինելու»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ «Հայաստան» դաշինքն ինչո՞ւ չփորձեց ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Արամ Վարդևանյանը նշեց, որ երբ իշխանություններն առանց որևէ սահմանափակման վարչական ռեսուրսի չարաշահում են թույլ տալիս, ինչը զարգանում և տարածվում է, շատ բարդ է ընտրությունների տեսանկյունից պատկերը գնահատել։

«Գործ ունենք իսկապես բռնապետությանը բնորոշ պատկերի հետ։ Մեր շատ հայրենակիցներ ունենում են վախի զգացումներ իրենց կարծիքը, բողոքն արտահայտելու ժամանակ, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդումներ են սկսում։ Այսինքն, բոլորից ակնկալել, որ պետք է մինչև վերջ խիզախություն ցուցաբերեն, արդար չէ, որ նման պահանջ լինի»,-ասաց Արամ Վարդևանյանը։