կարևոր
1708 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-11 13:45

Չպատվաստվելու համար մարդկանց աշխատանքից հեռացնելը ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ մուտք է գործում քրեաիրավական տիրույթ. Արամ Վարդևանյան

Չպատվաստվելու համար մարդկանց աշխատանքից հեռացնելը ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ մուտք է գործում քրեաիրավական տիրույթ. Արամ Վարդևանյան

Մենք մինչ օրս չենք կարողանում Pfizer պատվաստանյութն ունենալ, որովհետև անհրաժեշտ սառնարանային համակարգ չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հարց բարձրացնելով, արդյոք այս ընթացքում հնարավոր չէր այդ հարցը լուծել։

Պատգամավորը նկատում է՝ պետությունն այնքանով է պետություն, որ այս կարճ ժամանակահատվածում պետք է նոր հիվանդանոցներ ստեղծեր, ավելացներ մահճակալային ֆոնդը։

«Այսինքն, եթե նման վտանգավոր հարց է, թող, օրինակ, պարգևատրումները կանգնեցնեին և հիվանդանոցի ծրագիր սկսեին»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորը նշում է, որ երբ ինչ-որ հրամանով փորձում են իրավունք սահմանափակել, պետք է լինի դրա վիճարկումը։

«Հայ ժողովրդի հետ հարկադրանքով չեն խոսում։ Ի վերջո խոսում ենք այն իշխանության մասին, որը միշտ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բա որ ժողովրդին է պատկանում, ո՞նց ես ասում կձերբակալենք, կկալանավորենք»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Հարցին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը, որ պետական համակարգում չպետք է չպատվաստված մարդիկ լինեն, իրավաչա՞փ է, Արամ Վարդևանյանը նշեց, որ դա խայտառակություն է։

Պատգամավորի խոսքով ՀՀ բոլոր քաղաքացիներին պետք է հորդորել, որ պատվաստվեն, բայց ասել, որ եթե չպատվաստվեն, աշխատանքից պետք է հեռացնել, դա ոչ թե իրավաչափության սահմաններից է դուրս, այլ մուտք է գործում քրեաիրավական տիրույթ։