կարևոր
151 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 13:42

Արցախի ու արցախցու կյանքի անվտանգության համար պահանջել ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միջազգային ուժերի ներկայություն՝ ցեղասպանությունը կասեցնելու համար

Արցախի ու արցախցու կյանքի անվտանգության համար պահանջել ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միջազգային ուժերի ներկայություն՝ ցեղասպանությունը կասեցնելու համար

Պահանջում ենք հայկական իշխանություններից` կասեցնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ցանկացած բանակցություն։ Հենց այս պահանջով մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում մանրամասն հիմնավորում են իրենց դիրքորոշումը:

«Ադրբեջանն 1991 թ. օգոստոսի 30-ի անկախության վերականգման մասին իր հռչակագրում իրեն հայտարարեց 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, դրանով չեզոքացնելով և հրաժարվելով 1921 թ. Խորհրդային Ռուսաստանի նրան տրամադրած բոլոր տարածքներից։

Այդ թվում՝ 1921 թ. հուլիսի 5-ին կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումով նրան ենթարկված Արցախից, որը կորուստներից մեկն է եղել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համատեքստում։ 1989 թ. սեպտեմբերի 17-ի և 1990 թ. փետրվարի 13-ի որոշումներով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը դատապարտեց Կովկասյան բյուրոյի վճիռը, այն որակելով անօրինական և ոչ իրավասու մարմի փաստաթուղթ։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, Կովբյուրոյի որոշման հետ միասին, հայության դեմ ուղղված բոլշևիկ-քեմալական ոճրագործ քաղաքականության արդյունքն են։ Ու թեև Ադրբեջանի 1991 թ. Հռչակագիրը մերժում է խորհրդային ամբողջ ժամանակաշրջանն ու պահանջում բոլոր սահմանները ձևավորել հարևան պետությունների հետ երկկողմանի նոր պայմանագրերով, այդ երկիրը՝ ռազմական ներխուժման ու ցեղասպան, ազգային զտումների գործողությունների միջոցով, այսօր էլ իր վերահսկողության ներքո է պահում Արցախի և այլ տարածքները:

Ընտրելով Արցախի Հանրապետությանը որպես թիրախ, Ադրբեջանը ցեղասպան Թուրքիայի հետ միասին, ներգրավելով հազարավոր օտարերկրյա ահաբեկիչների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից իրականացրեց ռազմական ներխուժում, որի արդյունքում ռազմակալեց Արցախի Հանրապետության շուրջ 72 տոկոս տարածքը, որտեղից փախստական դարձան 100 հազար բնակիչներ: Այնուհետև, Թուրքիան սողոսկեց ռազմակալված Ակն և այնտեղից իրականացնում է Արցախի փրկված շուրջ 3170 քառ. կմ բեկորի վրա մաքառող հայերի կյանքի «մշտադիտարկում»:

Ցեղասպան Թուրքիան և Ադրբեջանը խափանել են Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությունը, կոպտորեն խախտելով ուժի չկիրառման նրա պահանջը։ Դրա արդյունքում նրանք խաթարել են 1994 թվականի հրադադարով սահմանված փաստացի իրավիճակն և արհամարհում են 2020 թ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը: Արդյունքում, վերջինի պահանջները պարտադիր են միայն մեկ՝ հայկական կողմի կատարման համար։

Արցախի Հանրապետության բնակիչները այսօր գտնվում են թուրք-ադրբեջանական եղեռնագործների ուղիղ նշանառության տակ, իսկ 2020 թվականի հարձակումը մինչ օրս չի ստացել քաղաքակիրթ գնահատական, օգտվելով անպատժելիության մթնոլորտից: Թուրքիան փաստացի ապացուցեց, որ 21-րդ դարի սկզբին էլ կարող է առանց վարանելու կիրառել ցեղասպանության ինչպես բռնի, այնպես էլ հասարակական-տնտեսական եղանակները, մնալով անպատիժ: Ադրբեջանի հետ միասին նրանք ապացուցում են, որ եվրոպական քաղաքակրթությունն ու գերտերությունները, ի դեմս Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, չեն դիմակայում անտրոպոցիդի այն շարունակականությանը, որ 150 տարիներ նրանք իրականացնում են Մերձավոր Արևելքի բնիկների դեմ:

Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքը այսօր կրկին անպատիժ է մնում։ Ավելին, 2020 թվականի հարձակումից հետո այդ երկրները ավելի են ամրագրել իրենց դաշնակցային կապերը։

2021 թ. հոկտեմբերի 9-ին` կեսօրին, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում մահացու վիրավորում է ստացել 1966 թ. ծնված քաղաքացիական անձ Արամ Տեփնունցը, այն ժամանակ, երբ նրա կողքին գտնվում էր խաղաղապահ զինվորը: Հարձակվողին չի զսպել խաղաղապահի ներկայությունը, նա իրեն պարտավորված չէր համարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, չէր զգուշանում հետագա պատժից ու մտահոգված էր միայն Արցախում վախի ու բռնության մթնոլորտ հաստատելով:

Դաշնակիցներից մեկը՝ Ադրբեջանը, իր տարածքում է տեղավորել օտարերկրյա զինված ուժեր, որոնք այսօր էլ դիպուկահար են ուղարկում ընդդեմ արցախցու:

Այդ երկիրը Թուրքիայի կառավարմամբ միջազգայնացնում է ինքնորոշման և հայերի կենսական կարիքների հետ առնչվող բախումն ու շարունակում է հաջողություններ գրանցել` խաղալով միջազգային խոշոր ուժերի դիմակայության տիրույթներում: Ադրբեջանի ու դրա տիրոջ` Թուրքիայի հիմնական զենքը ուժային քաղաքականությունն է, որով հաստատված փաստացի իրավիճակը դառնում է ծուղակային ելակետ թե տուժող ժողովրդի, թե միջազգային հանրության համար: Արցախի փրկված բեկորի հայությունը, այնտեղ ապաստան գտած գաղթականության հետ միասին, այսօր ցեղասպանության հերթական հարվածի տակ է: Խաղաղապահի առկայության քողի ներքո կազմաքանդում են Արցախի պաշտպանական բանակը, այն կենսապես շահագրգռված և անհրաժեշտ ուժը, որն իր ձևավորման պահից մշտապես կասեցրել ու հետ է շպրտել եղեռնագործ Ադրբեջանին:

Այդ բանակն է, որը անքակտելի պարտականություն ունի Արցախի հայության նկատմամբ ու 2020-ի սեպտեմբերի 27-ից փրկեց հասարակությանը մինչև ատամները զինված, ահաբեկչական, խաղաղ բնակչության դեմ համապարփակ պատերազմ վարող թրքա-ադրբեջանական ոսոխից:

Այսօր Արցախի բնակիչը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի թիրախում, և ամեն մի հայ այսօր ցեղասպանի թիրախ է: Խաղաղապահները դեռևս բացարձակ երաշխիք չեն արցախահայության կյանքի ու անվտանգության համար, ցեղասպանի հոգեբանությամբ ներծծված Ադրբեջանի զինուժի համար նրանց ներկայությունը արգելք, հանդարտվելու հրամայական կամ պատժի անխուսափելիություն չի նշանակում:

Ուստի ցեղասպանության կանխարգելման պահանջով դիմում ենք միջազգային կառույցներին` ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին, ինչպեսև գերտերությունների` ԱՄՆ –ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Իտալիայի իշխանություններին` Պահանջում ենք Արցախի ու արցախցու կյանքի ապահով երաշխիքներ, այդ թվում միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում։

Պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից հստակեցնել խաղաղապահի իր առաքելության իրականացման մոտեցումները, ձևակերպել բնակչության հանդեպ ստանձնած նրա պարտականությունները, իրապես ապահովել Արցախի ու արցախցու կյանքի անվտանգությունը և ապահովել քաղաքական, տնտեսական թե իրավական բնույթի պատիժը բոլոր թշնամական գործողությունների համար։

Անհապաղ հեռացնել ցեղասպան Թուրքիային Արցախի ռազմակալված տարածքներում տեղադրված «մշտադիտարկման» կայանից, ինչպես և մեր ազգային խնդիրների հետ առնչվող բոլոր բանակցություններից:

Պատժել Մինսկի Խմբի բանակցային գործընթացը, այնուհետև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաթարած հակամարդ Ադրբեջանին ու դրա հովանավոր Թուրքիային: Բացառել Թուրքիայի մասնակցությունը Մինսկի Խմբի աշխատանքներին, որը ամեն կերպ կազմաքանդում ու ոտնահարում է Մինսկի Խմբի հակասությունների կարգավորման սկզբունքները:

Թուրքիան դրսևորում է մարդու և ժողովրդների իրավունքները արհամարհող և աշխարհին վտանգավոր մի նախադեպ` հակասություններն ու խնդիրները լուծել ուժի ու բռնության դիրքերից:

Վերականգնել մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը առկա փաստացի իրավիճակն ու վերսկսել խաղաղ բանակցությունները Մինսկի Խմբի շրջանակում:

Արցախի բնակիչներին անհրաժեշտ է զինել նրանց ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Խաղաղապահի սահմանափակ հնարավորությունները թելադրում են նրա համագործակցությունը զինապարտ ու ռազմապես վարժված բնակչության հետ։ Պատմական իսկություն է այն ծայրագույն վտանգը, որը սպառնում է տեղաբնիկներին խաղաղապահների «ուշանալու» կամ արագ ու անսպասելի հեռանալու դեպքում։

Նման պարագաներում Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի հայությանը հանձնվեց ցեղասպանի քմահաճույքին, կամ էլ այսօր՝ խաղաղապահի ներկայությամբ, ցեղասպան հակառակորդը սպանում է խաղաղ աշխատավորին: Եթե ոչ, ապա վերոհիշյալ միջազգային կառույցներն ու գերտերությունների իշխանությունները ուղիղ մասնակից են դառնում Արցախի հայության ցեղասպանության շարունակականությանը, նաև Մերձավոր Արևելքի բնիկների դեմ ուղղված եղեռնագործության, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ 1915-1923 թվականներին:

Պահանջում ենք հայկական իշխանություններից` կասեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված ցանկացած բանակցություն։

Բավ է, որ հայկական կողմը միակողմանի կատարի իր պարտականությունները, երբ ադրբեջանական կողմը լրբորեն իր «իրավունքներն» է ճոճում:

Հայկական իշխանությունները պետք է ամեն տեսակ` քաղաքական, տնտեսական հնարավոր քայլերը ձեռնարկեն անպատասխան չթողնելու համար ցեղասպանի ցանկացած քայլ, անհապաղ ձեռնարկել պատժամիջոցների իրականացում:

Արցախի ու արցախցու կյանքի անվտանգության համար պահանջել ԵԱՀԿ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միջազգային ուժերի ներկայություն և անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրում ցեղասպանության շարունակականությունը կասեցնելու համար»:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորում» ՀԿ

«Կռունկ»արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ