կարևոր
457 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 13:12

Իշխանությունը չի կարողանում պատվաստվելու հարցում հանրության վստահությունը վայելել. Արամ Վարդևանյան

Իշխանությունը չի կարողանում պատվաստվելու հարցում հանրության վստահությունը վայելել. Արամ Վարդևանյան

Սոցիալ-տնտեսական այն պայմանները, որ հիմա ունենք, չեն ենթադրում նման անհամաչափ ծախսային բեռ դնել մեր հայրենակիցների վրա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջին։

Պատգամավորը նշեց, երբ մարդկանցից 14 օրը մեկ պահանջում են կատարել ՊՇՌ հետազոտություն, դա կարող է ողջամիտ լինել, բայց խնդիրն այն է, որ դա նրանց հաշվին են անում, ինչը պատգամավորի կարծիքով նորմալ չէ։

«Եվրոպական երկրներում նույնպես նման մոդել ներդրվել է, ուղղակի մեկ տարբերությամբ՝ պետությունն է այդ ծախսը կատարում։ Այսինքն իմանալով, որ մեր հայրենակիցներն ունեն սոցիալ-տնտեսական բարդ պայմաններ, նորմալ չէ, որ մի հատ էլ փաստացի հարկադրես, որ կա՛մ գնա քո աշխատավարձի մի զգալի հատվածը ՊՇՌ հետազոտության համար տուր, կա՛մ գնա և պատվաստվիր։ Սա դառնում է հարկադրանք»,-ասաց պատգամավորը։

Վերջինս հավելեց, որ կողմ է պատվաստմանը, ինչն այսօրվա դրությամբ միակ միջոցն է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, բայց հարց է առաջանում, թե ինչպես իշխանությունը չի կարողանում պատվաստվելու հարցում հանրության վստահությունը վայելել։

«Այն վստահության մակարդակը, որն իրենք միշտ փորձում են ներկայացնել, չունեն։ Ընտրությունները ևս դա ցույց տվեցին։ Երկրորդն այն է, որ հանրության հետ հաղորդակցման ճիշտ հնարավորություն չկա։ Պետք է հանրությանը ներկայացնել, թե ինչի համար է կարևոր պատվաստվելը։ Ի՞նչ ենք տեսնում հայկական իրականության մեջ։ Արդեն մարդկանց հետ խոսում են ձերբակալել, կալանավորելու լեզվով։ Սա՞ է նորմալը»,-ասաց Արամ Վարդևանյանը։