կարևոր
385 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 12:47

Առավելագույնը պիտի անենք մեր ժողովրդի կողքին կանգնելու համար

Առավելագույնը պիտի անենք մեր ժողովրդի կողքին կանգնելու համար

Արցախում գտնվող Հայ օգնության միության ԱՄՆ Արևմտյան ափի Շրջանային վարչության անդամները և գրասենյակի տնօրեն Ժասմեն Բունիաթյանը հոկտեմբերի 8-9-ը այցելել են Ստեփանակերտում, Աշանում, Ակնաբերդում գործող ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզներ, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, ներկա գտնվել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում կազմակերպված համերգին:

«Ցանկացանք ամբողջական կազմով այցելել և ականատես լինել մեր բոլոր ծրագրերին, անձամբ օժանդակել, մեր օգնությունը բերել մանավանդ մեր հովանավորած մանկապարտեզներին և աշակերտներին»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՕՄ-ի ԱՄՆ Արևմտյան շրջանի վարչության ատենապետուհի Սիլվա Փոլատյանը:

Նախքան Արցախ այցելելը Հայաստանի շրջանային վարչության հետ են հանդիպել, իսկ Երևան վերադառնալուց հետո նախատեսում են այցելել ծերանոցներ, Վիրավոր զինվորներին վերականգնողական կենտրոն:

Սիլվա Փոլատյանի խոսքով՝ վարչության բոլոր անդամներն էլ հուզված են, բայց առավելագույնը պիտի անեն «մեր ժողովրդի, մեր զավակների կողքին կանգնելու համար»:

«Մոտիկից տեսանք երեխաներին, ծանոթացանք տարբեր ընտանիքների սոցիալական պայմաններին և փորձեցինք մեր հնարավորության սահմաններում օգտակար լինել, ուժ տալ նրանց, որ շարունակեն պայքարը»,- նշել է նա:

«Ականտես լինելով, թե ժողովուրդն այստեղ ինչ կյանքով է ապրում, ինչ մարտահրավերներ է հաղթահարում, մեր արածը ոչինչ ենք համարում այստեղի ժողովրդի հետ համեմատ: Համոզված եմ, որ ամբողջ կազմը փոխված է հետ վերադառնալու: Այստեղի ժողովրդի ոգով ներշնչված և փոխված ենք հետ վերադառնալու և ոգևորելու Սփյուռքի ընկերուհիներին, որ ավելի զորավոր կանգնեն Հայաստան- Արցախի կողքին: Մենք մղիչ ուժը պետք է լինենք, որ Սփյուռքը ավելի մեծ ուժով միանա մեր բոլոր ծրագրերին»,- նշել է վարչության ատենապետուհին: