ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ-ի Կապանի, Եղեգնաձորի, Վեդիի և Երևանի մի խումբ ընկերներ այցելել են Սպիտակավորի վանք, որտեղ ամփոփված է Գարեգին Նժդեհի աճյունը։
Ուխտագնացությանը մասնակցած ընկերները ծանոթացել են վանքին և իրենց հարգանքի տուրքը մատուցել ազգային հերոսի հիշատակին։
Մի առիթով Նժդեհն ասել էր. «Երբ ինձ սպանված տեսնես՝ դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որ ինձ երեւա ե՛ւ Կապանը, ե՛ւ Գնդեվազը, ե՛ւ Գողթանը, ե՛ւ Գեղվաձորը…»: Խորհրդային տարիներին նժդեհապաշտների խումբը որոշում է հուղարկավորել Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը, որպեսզի ԿԳԲ-ի կողմից հնարավոր առգրավման դեպքում գոնե մյուս մասը փրկվեր: 1983-ի հոկտեմբերի 7-ին Վարագ Առաքելյանն ու իր խմբի անդամները Նժդեհի աճյունը տեղափոխեցին Բաղաբուրդ գյուղ և պահեցին ծանոթներից մեկի նկուղում։ Միայն մեկ ողը թաղեցին Խուստուփ լեռան լանջին գտնվող աղբյուրի մոտ, այնուհետև 1987-ի մայիսի 8-ին, Ռաֆայել Համբարձումյանի նախաձեռնությամբ, Նժդեհի աճյունը տեղափոխվեց ու թաղվեց Վերիշեն գյուղի մոտ գտնվող ս. Աստվածածին վանական համալիրի տարածքում, որը նաև կոչվում է Սպիտակավոր եկեղեցի։
1989-ի հունիսի 17-ին Պարույր Հայրիկյանի, Մովսես Գորգիսյանի և ուրիշների նախաձեռնությամբ տեղադրվեց գերեզմանաքար-խաչքար, և այդ օրը դարձավ նժդեհյան օր։ Երբ Կապանում կառուցվեց Գարեգին Նժդեհի համալիրը, 2005թ.-ի ապրիլին, Լեռնահայաստանի հռչակման 84-րդ տարեդարձի օրը, Սպիտակավորից վերցվեց Նժդեհի աջն ու թաղվեց Կապանի համալիրում։
Այսպիսով, Նժդեհն ունեցավ մեկի փոխարեն երեք գերեզման' Սպիտակավոր, Խուստուփ, Կապան