16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այսօր Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցավ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որն անցկացվեց «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո: Այն վարեցին Դալյա Աթալլահը եւ Դեյվիդ Իգնաթիուսը։ Մինչ միջոցառման մեկնարկը Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի ունեցավ համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման մեկնարկին տեղի ունեցավ Վարդան Գրեգորյանի հիշատակին նվիրված միջոցառում: «Ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի» միջոցառումը նվիրված էր նրա անցած բացառիկ ուղուն եւ հիշարժան առաքելությանը, որը տեւեց մի քանի տասնամյակ եւ հատեց գիտական եւ բարեգործական սահմաններն աշխարհով մեկ:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Նա կյանքից հեռացավ 2021 թվականին, բայց նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն շնորհվեց մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:
Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: