կարևոր
2095 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-09 20:44

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. ԱՀ ԱԳՆ

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. ԱՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացել էր Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն։

«Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի հայաթափմանը:

Ադրբեջանը նաև հեռահար նպատակներ է հետապնդում․ խափանել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացումն ու կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը։  

Տվյալ և նախորդ մյուս բոլոր միջադեպերը, որոնց ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ կամ նրանց պատկանող գույքը, Ադրբեջանի համակարգված հայատյաց քաղաքականության դրսևորումներ են և հերթական ապացույց, որ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդին ուղղված խաղաղասիրական կոչերը և խաղաղ համագոյակցության հնարավորության վերաբերյալ պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու և հայկական կողմերի զգոնությունը թուլացնելու փորձ:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ»: