կարևոր
1066 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-09 16:15

Առաջարկում ենք, որ ՊՇՌ թեստավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա. ՀՅԴ Երևանի ՔԿ֊ն առարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը

Առաջարկում ենք, որ ՊՇՌ թեստավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա. ՀՅԴ Երևանի ՔԿ֊ն առարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը

Շարունակելով ՊՇՌ թեստերի ծախսերի բեռը աշխատավորների ուսերից թեթեվացնելու իր նախաձեռնությունը, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն նամակ է փոխանցել ՀՀ Կառավարությանը:

Նամանկն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ կառավարություն

Սույն գրությամբ ներկայացնում ենք մեր ամփոփ առաջարկությունը, որը աշխատանքային կարգով ներկայացրել և քննարկել ենք 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Ֆիդանյանի հետ հանդիպման ընթացքում։

Խնդիրը վերաբերում է COVID-19 համավարակի դեմ պատվաստում չստացած աշխատողներին պարտադիր թեստավորման վճարման համար։

Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն՝ պատվաստում չստացած աշխատողը պարտավոր է ամսական առնվազն երկու անգամ հանձնել ՊՇՌ թեստ՝ իր միջոցների հաշվին։ Սա աշխատողների, հատկապես աշխատող աղքատների համար էական լրացուցիչ ծախս է, հետևաբար նաև՝ նոր սոցիալական բեռ։ Փաստորեն, ամսական 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողը պետք է իր համախառն աշխատավարձի շուրջ 20 տոկոսի չափով կատարի լրացուցիչ ծախս։

Մեր համոզմամբ այս բեռն ամբողջությամբ աշխատողների վրա դնելը բացարձակ արդար չէ և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության սկզբունքներին։

Իհարկե, հասկանալի է նաև հանրային առողջության տեսանկյունից COVID-19 համավարակի դեմ պատվաստման կարևորումը։ Սակայն ընդունելի չի կարող լինել պատվաստում չստացած աշխատողներին ՊՇՌ թեստավորման ծախսը միայն աշխատողների վրա թողնելու՝ գործող կարգավորումը։

Հանրության շրջանում լայն քննարկվող այս խնդրի արդարացի լուծման նպատակով առաջարկում ենք, որ ՊՇՌ թեստավորման ծախսը պետությունը վերցնի իր վրա՝ տվյալ աշխատողի եկամտահարկի վերադարձման միջոցով։

Մասնավորապես, առաջարկում ենք․

- առանց հարկերի և պարտադիր սոցիալական վճարների մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի ՊՇՌ թեստավորման ամսական ծախսը կատարի գործատուն, իսկ պետությունը ամսական կտրվածքով գործատուին վերադարձնի այդ ծախսի չափով գումար՝ տվյալ աշխատողի եկամտահարկից։

- Ամսական 280 հազար դրամ շեմն առաջարկում ենք՝ հաշվի առնելով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ 70 հազար դրամ և այն հանգամանքը, որ մեկ միջին ընտանիքը բաղկացած է չորս անդամներից։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք ըստ անհրաժեշտության՝ ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ մեր ներկայացրած առաջարկությունը ՀՀ օրենսդրությամբ իրացնելու գործընթացներում։

 

 

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ

Սարգիս Կարապետյան

2021 թվական, հոկտեմբերի 8