կարևոր
460 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-09 15:38

ՍԴ-ն զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափերը բարձրացնելու մասին նախագիծը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան

ՍԴ-ն զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափերը բարձրացնելու մասին նախագիծը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխան

Սահմանադրական դատարանը հրապարակել է հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը։

Ըստ այդմ, ՍԴ-ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանդրությանը։ Որոշման մեջ նշվում է, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:

Արմեն Սարգսյանը չէր ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով։

Հիշեցնենք, որ մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել են, որ իրենք անընդունելի են համարում Ալեն Սիմոնայնի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։

Հայտարարութամբ էին հանդես եկել և նախագիծը դատապարտել նաև միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, և հայտնել, որ անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: