կարևոր
1477 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 21:48

Միջազգային անցուդարձ․ Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջեւ ակտիվ հաղորդակցություն է իրականացվում: Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ հավելելով, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Թբիլիսին արդեն կարեւոր դեր ու գործառույթներ է իրականացնում:

«Այդ կարեւոր արդյունքին հասել ենք մեր հետեւողականության շնորհիվ», - նշել է նախարարը:

Զալկալիանին նաեւ ասել է, որ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ այդ ուղղությամբ հետագայում էլ ակտիվ քայլեր են ձեռնարկվելու:

Վրաստանից ազդակներ են գալիս, որ մեր հյուսիսային հարեւանը գուցե չմերժի արցախյան հակամարտության կարգավորման համար վեցակողմ ձեւաչափով համագործակցելու առաջարկը: Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ իրենց երկրին Ռուսաստանի հետ միասին դժվար կլինի մասնակցել 3+3 ձեւաչափով: Միեւնույն ժամանակ, Թբիլիսին պետք է մասնակցի աշխարհաքաղաքական մեծ նախագծերին, գոնե, ինչ-որ ձեւով:

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ 3 + 3 ձեւաչափի ստեղծմանը, ի դեպ, մինչ օրս կողմ են արտահայտվել թվարկածս բոլոր երկրները բացի Վրաստանից ու Հայաստանից:

Բաքուն արգելափակել է դեպի Ռուսաստան տանող Իրանի արտահանման ճանապարհը: Իրան-Ադրբեջան համատեղ առեւտրային պալատի փոխնախագահ Վահաբզադեն հայտարարել է, որ Ռուսաստան արտահանման համար ցամաքային սահմանը դժվար է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի տարածքով, ու իրանական կողմը ստիպված է Կասպից ծովով ու նավերի միջոցով ապրանք արտահանել Ռուսաստան: Վահաբզադեն դժգոհել է, որ ադրբեջանական կողմը քաղաքական հարցերը ներառում է տնտեսական հարցերում, ու քանի որ այժմ արտահանման սեզոնի թեժ ժամանակահատվածն է, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից ամենաշատը տուժել են Արեւմտյան Ատրպատականի ու Մազանդարան նահանգները: Վահաբզադեի փոխանցմամբ, բացի Ռուսաստան մուտք գործելու խնդրից, իրանցիները բախվում են նաեւ Հայաստան մուտք գործելու խնդրին, մինչդեռ այս երկիրը նույնպես կարեւոր է իրենց համար:

Աշխարհի անցուդարձին հետևել է՝ Անահիտ Իվանյանը։