կարևոր
1531 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 20:48

Պատերազմի 12-րդ օրը․ դավաճանության դեպքերի բացահայտում, թե մեղքն ուրիշի վրա բարդելու արշավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ամեն վարկյան ՊՆ եւ ԱԱԾ կողմից տարածվող զգուշացումների ֆոնին, պատերազմի 12-րդ օրը՝ կեսգիշերն անց, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ հստակ նշվում էին զորամասի համարներ, սպայական կոչումներ եւ նշյալ զորամասերում հերթապահություն իրականացնողների ծննդավայրերի անուններ: Համացանցում վարչապետի այդ տեսանյութը բուռն քննարկման էր արժանացել, շատերն անգամ ապշած են Փաշինյանի արածից, ուրախ տրամադրությունից եւ զինվորական գաղտնիք պարունակող որոշ տեղեկություններ հանրայնացնելուց:

Մինչ ամուսինը առաջնագծում գտնվող զինծառայողներին էր զանգահարում ու զրուցում, նրա տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում զրույցի տեսագրությունը տարածելով, գիշերը 2:26 րոպեին ինչ-որ դավաճանության մասին էր ակնարկում:

Սա դեռ ամենը չէր. առավոտյան 10:16 րոպեին վարչապետի տիկինը նախորդ գիշերն արած գրառումը տարածելով՝ կրկին տողատակում դավաճանների մասին նշեց: Սակայն ինչ դավաճանների մասին էր խոսքը՝ չէ որ հաղթում էինք:

Հետո միայն պարզ դարձավ, թե ինչ դավաճանության մասին էր խոսքը:

Փաշինյանը ֆեյսբուքում գրեց, որ ըստ իր տեղեկությունների՝ ինչ-որ մարդիկ գնացել, առաջնագծում զինվորներին համոզել են, նույնիսկ հրամայել մարտական որոշ դիրքեր թողնել թշնամուն ու նահանջել: Ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն սկսվեց եւ, ըստ վարչապետի, գործող գլխավոր անձանցից մեկը՝ Ստեփանակերտի բնակիչ էր, որը հայտնաբերվել ու ձերբակալվել էր, Երեւանում:

Մինչեւ հիմա էլ այդ դեպքը ողջ ծավալով չբացվեց, ավելի ճիշտ, Փաշինյանի նշած իրականությունից շատ հեռու էր, որ բացվեր։ Բայց նպատակին ծառայեց ու մինչ այդ օրերին բոլորը խոսում էին համազգային միասնականության անհրաժեշտության մասին, մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը շտապեց հերթական սեպը խրել եւ թիրախավորել քաղաքական գործիչների՝ մտացածին լուր տարածելով, թե ձերբակալվածը հանդիպել է ընդդիմադիր մի շարք գործիչների հետ։ Ամեն ինչ պարզ էր. Փաշինյանը մեղքը ուրիշների վրա բարդելու արշավ էր սկսել:

Այս գրառումից էլ քիչ անց լուր ստացվեց՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին են պաշտոնանկ արել, թե ինչ հիմնավորմամբ՝ հայտնի չէ:

Քյարամյանի կարիերայի թռիչքային աճը սկսվել էր մայիսի 4-ին, երբ նախ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել, դրա հաջորդ իսկ օրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, դրանից էլ մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին, ԱԱԾ տնօրեն: Վարչապետն այդ ժամանակ Քյարամյանից հստակ անկալիքներ ուներ: Պատերազմի մեկնարկից հետո էլ արդեն մոտ 10 օր Արցախում էր գտնվում, ինչի մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տարբեր հրապարակումներ էին վկայում: Քյարմյանին Փաշինյանը ժամանակավոր պաշտոնանկ արեց, բայց նա մինչեւ վերջին պահն էլ մնաց Արայիկ Հարությունյանի կողքին, իբրեւ հատուկ հանձնարարությունների ոչ պաշտոնական դեսպան։ Վերջինիս դերակատարությունն այս պատերազմին մինչեւ հիմա էլ բազում կասկածների եւ ասեկոսեների տեղիք է տալիս։ Երկրի ղեկավարը պատերազմի օրերին խոսում էր դավաճանության մասին, նրա թելը թելում էր նաեւ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը Փաշինյանը փնտրում էր դավաճանների, նշանակում մեղավորներ, ու մոռանում խոսել արդեն նախորդ օրվա իր լավատեսական կանխատեսումների մասի, երբ ասում էր, թե «այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»:

Նույնը հպարությամբ ասել էր ռուսական հեռուստակայանին։ Սակայն 8-ին արդեն լուռ էր, այլեւս չխոսեց դրա մասին, քանի որ պայմանական Լելեթեփեի օպերացիա անունը ստացած գործողությունը տապալվել էր ծանր հարված հասցնելով առաջնագծին ու Զինված ուժերին։

Ավելի ուշ արդեն Փաշինյանը պետք է իրեն հեռու պահեր այդ ամենից, հայտարարելով, թե լոկ մոդեռատոր է եղել այդ գործողության մշակման ժամանակ։ Արդեն լուռ էր նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը նախորդ օրն արդեն երրորդ անգամ ոչ պաշտոնական լավատեսական ինչ որ ազդակներ էր փոխանցում։

Մանրամասները՝ տեսանյութում։