կարևոր
679 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 16:18

«Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու պատրանքն այս փուլում թաղված է իրանական ակտիվ գործողությունների արդյունքում. Վարդան Ոսկանյան

«Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու պատրանքն այս փուլում թաղված է իրանական ակտիվ գործողությունների արդյունքում. Վարդան Ոսկանյան

Շատերին թվում է, թե «Զանգեզուրյան միջանցք» հորջորջվող ադրբեջանաթուրքական երազանքը էրդողանական և ալիևյան վարչախմբերի լոկ գաղափարախոսական կրքերին հագուրդ տալու միջոց է՝ այսպես կոչված, «մեկ ազգ, երկու պետություն»-ը ցամաքով միացնելու տենչ։ Այս մասին հայտնում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրականում բացի գաղափարախոսական բաղադրիչից, այստեղ գործ ունենք խիստ հավակնոտ աշխարհաքաղաքական և տնտեսական նկրտումների հետ, որոնց նպատակը կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածքներ Թուրքիայի ելքի ապահովումն է։

Դրա հաջողության պարագայում նոր և չափազանց հարուստ մարդկային, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների ներարկման հետևանքով քեմալական ազգայնական ծրագրի արգասիք Թուրքիան իրական կերպով կկարողանա հավակնել վերազգային համաթյուրքական գերտերության կարգավիճակի՝ մեծապետական Թուրանի։

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան», իսկ իրականում «Թուրանական միջանցքին» ուժային ճանապարհով հասնելու ադրբեջանաթուրքական պատրանքն այս փուլում թաղված է նաև իրանական ակտիվ գործողությունների և արդյունավետ ճնշման արդյունքում։

Սակայն առայժմ փակված է լոկ ուժային ուղին, ուստի ակնհայտորեն տրվելու է «խաղաղության աղավնիների» խորամանկ քաղաքականության մեկնարկը, որին ուշադիր նայելիս անհնարին կլինի չնկատել տարբեր տեղերից դուրս սպրդող «գորշ գայլի» պիղծ մռութը»։