Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ:
2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման։ «Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով»,-նշել է Հունանյանը:
Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները: Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, հակասում են համամարդկային արժեքներին և խստագույնս դատապարտելի են։