կարևոր
682 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 13:12

Մենք նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Մենք նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնություններն ու հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարաեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա անընդունելի համարեց ընդամենը քաղաքական ակցիային մասնակցելու կամ քաղաքական միտք արտահայտելու համար քաղաքացուն ձերբակալելը և դեպքի վայրից բերման ենթարկելը:

«Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից»,-հայտարարեց Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Մոսկվա մեկնած ԱԺ պատվիրակության մեջ ընդդիմությունից միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանն են եղել՝ նա նշեց, որ իր մասնակցության հարցը քննարկել է խմբակցության ղեկավարի հետ:

«Պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի, թե ում ի՞նչ սկզբունքով կամ ում ե՞րբ է հրավիրել, ով ի՞նչ պատասխան է տվել։ Ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ և իմ քայլերի մասով բացառապես ես եմ պատասխանատու։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այստեղ ընդհանրապես գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել պատգամավորներ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը հայտնեց, որ Մոսկվայի կողմից եղել է հրավեր ԱԺ նախագահին և ձևավորվել է պատվիրակություն, իսկ այցը ճանաչողական էր:

Ինչ վերաբերում է իշխանության հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատգամավորն ասաց.

«Այո՛, ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ և դուրս եմ եկել խմբակցությունից, ու եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, կշարունակեի մնալ խմբակցությունում, որևէ կաշկանդող բան չէր լինի»: