Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որպեսզի Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվել հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչն էլ քարոզարշավի ընթացքում նոր երանգ է ստացել.
«Իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ՝ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը: Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը: Պարոն Խաչատրյանը և իր գործընկերները, որոնք պատերազմի ժամանակ ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք կամ Արցախ, հարցականի տակ են դնում Առուշանյանի մարտական գործողություններին մասնակցելը»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Վերջերս կառավարության որոշմամբ 1 մլրդ դրամ տրամադրվեց՝ Սյունիքում աշխատանքներ իրականացնելու համար: Պատգամավորը ողջունեց առաջարկը, միևնույն ժամանակ նկատեց, որ դա արվում է հենց ընտրություններից առաջ:
«Եթե պարոն Առուշանյանի և նրա տեղակալների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որովհետև վերջիններս ֆինանսական աջակցություն են ցուցաբերել, ապա այս պահին ակնհայտ է, որ 1մլրդ ուղղում են հենց քարոզարշավի ընթացքում և ընտրություններից առաջ: Եթե Առուշանյանը ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս ընտրություններից առաջ և դա որակում եք կաշառք , բա սա ի՞նչ եք որակում»,-ասաց Աննա Գրիգորյանը և հավելեց.
«Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Իրենք սկսել են որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի: Սա անընդունելի է»,-ասաց պատգամավորը: