կարևոր
1618 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-08 12:47

Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանում կքննի Մհեր Արղամանյանը

Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանում կքննի Մհեր Արղամանյանը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և գրավի միջնորդությունը մերժելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին քննարկվել է Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել էր այն հանգամանքը, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և նվազել է քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որն ավելի վաղ հաստատված էին համարել դատարանները, քանի որ քրեական գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, այդուհանդերձ, դատարանը մերժել է միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատարանի որոշումը և անհապաղ ազատ արձակել։ Վերաքննիչ բողոքը դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից այն մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին, որը մասնագիտական հանրությունում դասվում է այս իշխանություններին բազում ծառայություններ մատուցած և վերջիններիս յուրաքանչյուր քմահաճույք կյանքի կոչող դատավորների շարքում։ Ընդ որում՝ իշխանություններն էլ իրենց հերթին չեն «նեղացնում» իրենց դատավորին, մասնավորապես, վերջինիս փաստաբան որդին՝ Դավիթ Արղամանյանը, առաջիկայում կդառնա դատավոր, թեև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրվել էր բացասական եզրակացություն, ինչը, փաստորեն, անտեսվել է։