կարևոր
361 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-08 12:33

Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան

Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան

Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով պետական այցի նշանակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ համավարակից հետո՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իտալիան առաջին անգամ է պետական այցով նախագահի ընդունում, և դա ոչ թե որևէ գերտերության, այլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի այցն է։ «Ես հպարտ եմ դրա համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ձեզ, մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին,- ասել է նախագահը։ Բացի անձնական հարաբերությունից, բացի բարեկամությունից կա նաև սկզբունքային հարց՝ Իտալիայի պետության ու, մասնավորապես, նախագահ Մատարելլայի վերաբերմունքը մեր ժողովրդին, մեր պետությանն ու պետականությանը։ Պետք է լավ գիտակցել, որ սա բարեկամություն է»։

Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար. «Անցյալ տարի շատ դժվար տարի էր՝ շատ երիտասարդ կյանքեր կորցրեցինք,-ասել է նախագահը։ Սկզբունքորեն մենք կարող ենք և՛ հաղթել, և՛ , ցավոք, պարտվել։ Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը»։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդը կկարողանա այս ցավալի իրադարձություններից հետո մեջքը շտկելու ուժ գտնել. «Ընդամենը 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեծ հաղթանակ, և՛ պարտություն։ Բայց մի բանում մենք վստահ ենք՝ մեր ժողովուրդը վերապրող ժողովուրդ է։ Մենք Եղեռն ենք վերապրել, որից հետո ոտքի ենք կանգնել, սփռվել աշխարհով մեկ, վերակառուցել ենք մեր կյանքը, նորից ստեղծագործել ենք։ Քիչ ազգերից ենք, որ հայրենիքից հեռու լինելով՝ առաջինը եկեղեցի ենք կառուցում, երկրորդը՝ դպրոց, հետո մնացած բաները,- ընդգծել է նախագահը։