Ակնհայտ է, որ Սյունիքում ստեղծված անվտանգային սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակվում են պահպանվել: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ով նոր է վերադարձել Սյունիքից։
«Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է։ Դրանք ունեն և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նշանակություն»,- ասաց Աբրահամյանը։
Ադրբեջանցիներն ամրացումներ են կատարում, որոնք սահմապահ զորամասերի տեղակայման և ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքներով են պայմանավորված։
Ինչ վերաբերում է Տաթև-Աղվանի այլընտրանքային համարվող ճանապարհին, Տիգրան Աբրահամյանն ասաց, թե այն մի քանի հարցեր լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջ հարցը չի լուծելու։
«Իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում խորհրդարան չգան և չպատասխանեն մեր հարցերին:
Ակնհայտ է, որ կա հանրային և ընդդիմադիր ֆրակցիաների պահանջ՝ այդ մարդկանց հետ որևէ ֆորմատով քննարկում անցկացնելու և հանրության համար մտահոգիչ պատասխանները ստանալու համար, բայց իշխանությունների այս մոտեցումն ավելի է խորացնում այն մտահոգությունը, որ իրականում ուժային կառույցներն ասելիք չունեն և ամեն գնով խուսափում են հայտնվել մեր դաշտում»,-ասաց Աբրահամյանը:
Ըստ պատգամավորի՝ ուժային կառույցի ղեկավարները չեն գալիս խորհրդարան, քանի որ չունեն իրենց ուղղվելիք հարցերի պատասխանները:
Անդրադառանալով Արթուր Ղազինյանին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ չընտրելուն, Տիգրան Աբրահամայանը նշեց, որ իշխանության քմահաճույքներով չպետք է որոշվի՝ ով է լինելու ընդդիմության թեկնածուն.
«Նրանք օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստում, որը թույլ չի տա երկու անգամից ավելի փոխնախագահի պաշտոնում առաջադրել:
Ըստ էության՝ իշխանությունը փորձում է իր ցանկությունները, նախասիրությունները և քմահաճույքները մեկտեղել և ստեղծել օրենսդրական կարգավորումը, որով կկարողնան իրենց խնդիրները կարգավորել»,-ասաց պատգամավորը: